06/02/2025

Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակ Արցախից տեղահանված երեխաների համար

Ցե-Կվադրատ Ամպեգայի կրթաթոշակ Արցախից տեղահանված երեխաների համար

Ցե-Կվադրատ Ամպեգան ուրախ է հայտարարել իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում նոր նախաձեռնության մասին, որը նվիրված է Արցախից տեղահանված երեխաների համար կրթական հնարավորությունների ստեղծմանը: Նախաձեռնության նպատակն է երեխաներին հնարավորություն ընձեռել բարձրակարգ կրթություն ստանալու Հայաստանում:

«Կրթաթոշակի մեկնարկը արտացոլում է մեր անսասան հանձնառությունը Հայաստանում կայուն և երկարաժամկետ ներուժի զարգացմանը՝ այդ թվում ներդրումներ կատարելով տաղանդավոր երեխաների կրթության մեջ: Մենք հավատում ենք, որ ավագ դպրոցում որակյալ կրթության հասանելիությունն ապահովելով, մենք նպաստում ենք ոչ միայն երեխաների անհատական աճին, այլև մեր հասարակության կայուն զարգացմանը»,- Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյան։

Ծրագիրը ենթադրում է կրթաթոշակներ Արցախից տեղահանված երեխաների համար, որոնք 2024 թվականին կընդունվեն Հայաստանում A-դասի կամ համարժեք ավագ դպրոց։ Այս նախաձեռնությամբ անդրադարձ ենք կատարում մի ոլորտի, որը ներկայումս չի գտնվում ֆինանսական օգնության այլ ծրագրերի թիրախում:

Կրթաթոշակի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում է 100 մլն ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի է մինչև 5 միլիոն ՀՀ դրամ երկամյա կամ եռամյա կրթության համար, որը չպետք է գերազանցի համախառն ուսման վարձի 70%-ը: Կրթաթոշակ ստանալու համար աշակերտը պետք է հաղթահարած լինի ընդունելության քննությունները և ընդունված լինի հաստատված ավագ դպրոցի ծրագիր: Հաստատված դպրոցներն ու ծրագրերն են.

- Շիրակացու ճեմարանի IB դիպլոմային ծրագիր

- Քվանտ քոլեջի IB դիպլոմային ծրագիր

- UWC Դիլիջան քոլեջի IB դիպլոմային ծրագիր

- Հայաստանի բրիտանական միջազգային դպրոցի A-level ծրագիր

- CIS Հայաստան միջազգային դպրոցի A-level ծրագիր

- Երևանի QSI միջազգային դպրոցի AP Capstone Diploma ծրագիր

- Այբ դպրոցի Արարատյան բակալավրիատ

- ԵՊՀ ՍԹԵՄ հեղինակային ծրագիր

Այն կրթական համալիրները, որոնք 2024 թվականին կառաջարկեն նույն դասի միջազգային կամ համարժեք հեղինակային ավագ դպրոցի ծրագիր, նույնպես կդիտարկվեն հասանելի դպրոցների ցանկում ընդգրկվելու համար։

Մասնակից դպրոցներից ակնկալվում է ուսման վարձի զգալի զեղչ (առնվազն 30%) կամ ուսման վարձի և տրամադրված կրթաթոշակի տարբերության համալրում դպրոցին հասանելի այլ դոնորային միջոցների հաշվին:

Այս նախաձեռնության իրագործման գործընկերն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), որը կաջակցի ծրագրի ընթացիկ իրագործման հարցում։ Կրթաթոշակների տրամադրումը կիրականացվի յուրաքանչյուր աշակերտի համար դպրոցներից ստացված դիմումների հիման վրա: Դիմորդների վերջնական հաստատումը կիրականացվի համատեղ:

Վերջին Թարմացում: 06-Փետրվար-2025 15:49