Home >Նորություններ >Նորություններ 2013 >Գերմանական ճշտապահություն և ավստրիական փորձ. կենսաթոշակային ֆոնդերի առաջին կառավարիչը մտնում է հայկական շուկա
06. Դեկտեմբեր 2013

Գերմանական ճշտապահություն և ավստրիական փորձ. կենսաթոշակային ֆոնդերի առաջին կառավարիչը մտնում է հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.Այս շաբաթը Հայաստանում նշանավորվեց ևս մեկ նշանակալի իրադարձությամբ, որը վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գործընթացին։ Դեկտեմբերի 2–ին ՀՀ ԿԲ–ն ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության արտոնագիր է տրամադրել C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT ԲԲԸ–ին։ Այսպիսով, ընկերությունը 2014 թ.–ի հունվարի 1–ին կդառնա հանրապետությունում կենսաթոշակային ակտիվների առաջին կառավարիչը։

«C-QUADRAT Ampega»–ի ներկայացուցիչներն օրեր առաջ ասուլիս էին կազմակերպել և խոսել Հայաստանում իրենց գործունեությունը կազմակերպելու մանրամասների և ծրագրերի մասին։

Ծանրակշիռ փաստարկներ

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ապագա կառավարիչների մասին առաջին տեղեկությունը հրապարակվեց միայն նոյեմբերի վերջին, երբ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ «Amundi» ֆրանսիական ընկերությունն ու «Talanx» գերմանական ընկերությունը իրենց վրա կվերցնեն կառավարիչների գործառույթները։

Սակայն ինչպես պարզվեց ավելի ուշ, «Talanx Asset Management GmbH»–ն կառավարիչ ընկերությունում ունի միայն 25,1 տոկոսի մասնաբաժին, իսկ 74,9 տոկոսը պատկանում է «С- QUADRAT Investment AG» ավստրիական ընկերությանը։

«С- QUADRAT»–ը ակտիվների կառավարման անկախ եվրոպական ընկերություն է, որի բաժնետոմսերը ցուցակվել են Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում։

1991 թ.–ին հիմնադրված ընկերությունը կարողացել է փոքրիկ Ավստրիայից դուրս գալ և տարածվել Եվրոպայի 13 երկրներում։ Հատկանշական է, որ ի տարբերություն «Amundi»–ի, «С- QUADRAT»–ը չի պատկանում որևէ խոշոր բանկի կամ ֆինանսական կազմակերպության։ Միաժամանակ ընկերության բաժնետոմսերի արգելափակող փաթեթը պատկանում է «Talanx Asset Management GmbH»–ին (25,10%): Ընկերության խոշոր բաժնետերերն են նաև նրա հիմնադիրները` Ալեքսանդր Շուլցը (20,03%) և Թոմաս Ռիեսը (20,65%)։

«С- QUADRAT»–ի միջազգային հեղինակության մասին կարելի է դատել` ելնելով այն փաստից, որ 2001 թ.–ից ի վեր ընկերությունն ավելի քան 230 մրցանակ է ստացել։ «С- QUADRAT»–ը «Börse Online» ամսագրի վարկանիշով ճանաչվել է Գերմանիայի լավագույն ներդրումային ընկերությունը։

Այն հանգամանքը, որ Standard & Poor’s վարկանիշային գործակալությունը ընկերությանը շնորհել է АА դասի վարկանիշ, վկայում է, որ ընկերությունը պարտավորությունների գծով տոկոսների վճարման շատ բարձր հնարավորություններ ունի։ Այս պահին ընկերությունը 5 մլրդ եվրո ընդհանուր ծավալով ակտիվներ է կառավարում։

Հայկական կենսաթոշակային ֆոնի համահիմնադրի` «Talanx Asset Management GmbH»–ի հեղինակությունն ու հուսալիությունը ևս կասկած չի հարուցում։ Ընկերությունը «Talanx» խմբի անդամ է, որը Գերմանիայի մեծությամբ երրորդ ապահովագրական կորպորացիան է, որի եկամուտները 2012 թ.–ին կազմել են 27 մլրդ եվրո։

«Talanx»–ը գործում է շուկայում ավելի քան 100 տարի, աշխատում է 150 երկրում` կառավարելով ակտիվներ, որոնց ընդհանուր ծավալը գերազանցում է 100 մլրդ եվրոն։

Ծանոթ ենք, գիտենք

Ինչպես ասուլիսի ընթացքում տեղեկացրեց «C-QUADRAT AMPEGA»–ի գործադիր տնօրեն Արման Վարդանյանը, «C-QUADRAT»–ն արդեն ծանոթ է հայկական շուկային, քանի որ ՓՄՁ–ի միկրոֆինանսավորման և Vision Microfinance հիմնադրամի միջոցով հայկական ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության վեցամյա փորձ ունի։

«Հայաստանը մեզ համար նոր երկիր չէ։ Մենք ծանոթ ենք երկրում տիրող իրավիճակին, տնտեսության, ֆինանսական համակարգի առանձնահատկություններին», – ասաց նա։

Վարդանյանը նաև պարզաբանեց այն մեխանիզմը, որի շրջանակում ընկերությունն իրականացնելու է կենսաթոշակային ակտիվների կառավարումը։

Այսպես, նրա խոսքերով` «C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT» ՍՊԸ-ն կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման շրջանակներում 2014 թվականի հունվարի 1–ից Հայաստանում կձևավորի ռիսկերի տարբեր աստիճանի երեք կենսաթոշակային ֆոնդ` կայուն, պահպանողական և հավասարակշռված եկամտաբերությամբ։

«Կայուն» հիմնադրամի միջոցների 100 տոկոսը կներդրվեն պարտքային գործիքներում, մասնավորապես, բանկային ավանդներում, պետպարտատոմսերում։ «Պահպանողական» հիմնադրամի շրջանակներում ապագա կենսաթոշակառուի միջոցների շրջանակներում միջոցների 75 տոկոսը կներդրվի պարտքային գործիքներում, իսկ 25 տոկոսը` բաժնեմասային արժեթղթերում։ «Հավասարակշռված» հիմնադրամը ենթադրում է պարտքային և բաժնեմասային հավասար հարաբերակցություն` 50/50։

«Մեր գլխավոր նպատակը եկամուտների ամբողջական, բացարձակ վերադարձելիության ապահովումն է։ Երեք հիմնադրամների միջոցները չեն ներդրվի ռիսկային գործիքներում։ Մենք կանենք ամեն ինչ, որ քաղաքացիները վստահ լինեն իրենց միջոցների պահպանության հարցում», – հայտարարել է Վարդանյանը։

«C-QUADRAT AMPEGA ASSET MANAGEMENT Armenia» կենսաթոշակային ֆոնդերի կառավարման ընկերության խորհրդի անդամ Քոնրադ Քարների խոսքերով` Հայաստանում քաղաքացիների կենսաթոշակային ներդրումների նվազագույն եկամտաբերությունը կգերազանցի գնաճի մակարդակը։ Հաշվի առնելով Հայաստանի արժեթղթերի շուկայի առանձնահատկությունն ու այն հանգամանքը, որ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը գերազանցում է բանկային ներդրումների եկամտաբերությանը, դիվիդենտների ապահովման ամենապարզ միջոցը, որոնք կրկնակի անգամ կգերազանցեն գնաճի մակարդակը, կդառնա պետական պարտատոմսերում ներդրում կատարելը։

Չափազանց խոսուն են թվերը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանխատեսման համաձայն, ընթացիկ տարվա արդյունքում գնաճի ցուցանիշը կկազմի մոտ 6,5 տոկոս, իսկ Հայաստանի 2014 թ.–ի պետբյուջեում այս ցուցանիշը նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%) այն դեպքում, երբ երկարաժամկետ պետական պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը 2013 թ.–ի սեպտեմբերին կազմել է 15,6 տոկոս։

Ինչ վերաբերում է միջոցների սպասելի ծավալին, որոնք կուղղվեն կենսաթոշակային ֆոնդեր Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման արդյունքում, ապա Քարնեի խոսքերով` առաջին մեկ–երկու տարում դրանք շատ չեն լինի, ինչը որոշակի բարդություններ կստեղծի միջազգային շուկաներ դուրս գալու տեսակետից, սակայն կենսաթոշակային համակարգի ակտիվներն աստիճանաբար կավելանան։

NASDAQ OMX Արմենիայի նախնական գնահատականների համաձայն` 2014 թ.–ից ամեն տարի կենսաթոշակային համակարգ կուղղվի 100–150 մլն դոլար։

Գործիքակազմ

Կենսաթոշակային ակտիվների ավելացմանը զուգահեռ ֆինանսավորման գործիքների ընդլայնման անհրաժեշտություն է ծագում, ինչը թույլ կտա ապահովել միջոցների դիվերսիֆիկացում և նվազեցնել արժութային տատանումների ռիսկերը։

Ըստ ՀՀ օրենսդրության,կենսաթոշակային ֆոնդերի 60 տոկոսը պետք է ներդրվի հայկական դրամով արտահայտված արժեթղթերում։ Այսօրվա դրությամբ միանշանակ կարելի է ասել, որ դրամային ակտիվների մեծ մասը կներդրվի պարտքային գործիքներում` պետական պարտատոմսերում և դեպոզիտներում, քանի որ Հայաստանում մասնաբաժնային գործիքներ գրեթե չկան։

Ինչպես ընդգծել է Քարները, կապիտալի շուկայի գործիքների ոչ բավարար զարգացած լինելը դեռևս թույլ չի տալիս լայնամասշտաբ ներդրումներ իրականացնել հայկական շուկայում։ Միաժամանակ նա նշել է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը լավ հնարավորություն է ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից գործիքների զարգացման համար։

Ակտիվների մնացած 40 տոկոսը ֆոնդերի կառավարիչները պարտավոր են ներդնել արտարժույթով արտահայտված արժեթղթերում։ Ինչպես տեղեկացրեց «C-QUADRAT AMPEGA»–ի խորհրդի անդամը, ընկերությունը, հիմնականում, ներդնում է եվրոյով և դոլարով մասնաբաժնային գործիքներում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ-երկրների շուկաներում։ Հատկանշական է, որ կապիտալի ռուսական շուկան այս ցանկում ներառված չէ։

«C-QUADRAT AMPEGA»–ն արտերկրում ներդրումային գործիքներ ընտրելիս մտադիր է կողմնորոշվել միջազգային վարկանիշներով և բորսայական ցուցիչներով և կարող է ներդրում կատարել ինչպես ֆոնդերում, այնպես էլ ուղիղ բաժնետոմսերում։

Թանկ հաճույք

Ակտիվների կառավարման ընկերության հիմնական գործառույթն, առաջին հերթին, ռիսկերի կառավարումն է։ «C-QUADRAT AMPEGA»–ի ներկայացուցիչների խոսքով` ռիսկերի կառավարման շրջանակներում ընկերությունը կղեկավարվի միջոցների դիվերսիֆիկացման և գրագետ կառավարման սկզբունքներով։

Ինչ վերաբերում է արժութային տատանումների ռիսկերին, ապա ինչպես ընդգծեց Քարները, ըստ գոյություն ունեցող կանխատեսումների` հիմնական արժույթները արժևորվելու են դրամի նկատմամբ։

«Մենք ընտրելու ենք «շահավետ» արժույթներ, քանի որ հեջինգը չափազանց թանկ հաճույք է։ Սակայն եթե մենք ներդնում ենք միջոցները արտարժույթով արտահայտված արժեթղթերում, որը կթուլանա դրամի նկատմամբ, մենք օգտագործում ենք հեջինգային գործիքներ», – ավելացրեց նա։

Խոսելով այն մասին, թե ինչ դժվարությունների են բախվում զարգացող երկրները կուտակային համակարգը ներդնելիս, «C-QUADR AT AMPEGA»–ի խորհրդի անդամ Էռնստ–Լյուդվիգ Դրայսը նշեց, որ ինչպես ցույց է տալիս մի շարք երկրների, օրինակ` Էստոնիայի փորձը, տեխնիկական խնդիրներ չպետք է առաջանան։

«Հիմնական խնդիրը քաղաքացիների վստահությունն է։ Այս համակարգը նոր է քաղաքացիների համար, և ոչ բոլորն են հասկանում, որ սա հարկ չէ, այլ կուտակում, ապագայի մեջ արվող ներդրում։ Սա ամենահիմնական խոչընդոտն է», – ասաց նա։

Ենթադրյալ ռիսկերի թվում է (որոնց առաջացման վտանգը միշտ առկա է Հայաստանի նման երկրներում) պետությունից կենսաթոշակային ֆոնդերի կառավարման համակարգի կախվածության վտանգը, որը կարող է քաղաքացիների կուտակումները օգտագործել որպես այս կամ այն նախագծերի ֆինանսավորման լրացուցիչ գործիք։ Սակայն ինչպես նշեց ընկերության խորհրդի անդամը, Հայաստանին դա դեռ չի սպառնում, քանի որ պետությունը չի միջամտի ակտիվների տեղաբաշխման գործընթացի մեջ։–0–

Թամարա Մելիքսեթյան, «ԱՌԿԱ» գործակալության թղթակից

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

http://www.armbanks.am/hy/2013/12/06/67410/

Վերջին Թարմացում 19 Հունվար 2014
BACK_2_INDEX