03/11/2026

Ցե-Կվադրատ Ամպեգա կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ամփոփ մեկնաբանություն 2026Ե3

Ցե-Կվադրատ Ամպեգա կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ամփոփ մեկնաբանություն 2026Ե3

2026 թվականի երրորդ եռամսյակում համաշխարհային ֆինանսական շուկաները գործել են աշխարհաքաղաքական և մակրոտնտեսական անորոշության ու բարձր անկայունության պայմաններում։ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության սրումը և էներգակիրների մատակարարումների խափանումների ռիսկերը կրկին հանգեցրել են նավթի գնի աճի, իսկ ստեղծված գնաճային ճնշումների պայմաններում զարգացած երկրների կենտրոնական բանկերի մեծ մասը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքները, ինչի արդյունքում պարտքային շուկաները գրանցել են բացասական արդյունքներ։ Միաժամանակ տնտեսական ակտիվության սպասվածից ավելի դրական դինամիկան, ընկերությունների ֆինանսական արդյունքների բարելավումը և տեխնոլոգիական ոլորտում ներդրումների շարունակական աճը նպաստել են, որ համաշխարհային բաժնային շուկաները եռամսյակն ամփոփեն չափավոր դրական արդյունքներով։

Այս միջավայրում Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը եռամսյակն ամփոփել են չափավոր դրական արդյունքներով։

Եռամսյակի ընթացքում CQFIX ֆոնդի եկամտաբերությունը կազմել է 0.5%, CQCON ֆոնդինը՝ 0.7%, իսկ CQBAL ֆոնդինը՝ 1.1%։ Ֆոնդերի եկամտաբերության վրա ամենամեծ դրական ազդեցությունն ունեցել են տեղական ներդրումներից պարտատոմսերը և ավանդները, իսկ արտասահմանյան ներդրումներից՝ բաժնային արժեթղթերը։ Միևնույն ժամանակ արտասահմանյան պարտքային արժեթղթերը և հայկական դրամի արժևորումը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ բացասական ազդեցություն են ունեցել ֆոնդերի եռամսյակային եկամտաբերության վրա։

Չնայած ընթացիկ եռամսյակի ավելի չափավոր արդյունքներին՝ ֆոնդերի երկարաժամկետ կատարողականը շարունակում է մնալ կայուն։ Ֆոնդերը ստեղծման պահից ապահովել են շուրջ 8.1-8.6% միջին տարեկան եկամտաբերություն՝ էականորեն գերազանցելով նույն ժամանակահատվածի համար արձանագրված գնաճը և այսպիսով նպաստելով մասնակիցների կուտակումների գնողունակության աճին։ Սա ընդգծում է երկարաժամկետ ներդրումային ռազմավարության, դիվերսիֆիկացիայի և ռիսկերի կառավարման կարևորությունը կենսաթոշակային կուտակումների պահպանման և աճի գործընթացում։

2026 թվականի սեպտեմբերի դրությամբ Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող կենսաթոշակային ակտիվների ընդհանուր արժեքը հասել է 805 միլիարդ դրամի, որից շուրջ 30%-ը՝ 237 միլիարդ դրամը, ձևավորվել է կառավարման արդյունքում ստացված եկամուտներից։ Ֆոնդերը շարունակում են պահպանել ակտիվների դիվերսիֆիկացիա տեղական և միջազգային ներդրումային գործիքների միջոցով՝ ապահովելով կայունություն, իրացվելիություն և երկարաժամկետ աճ Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ավելի քան 470 հազար մասնակիցների համար։

Առաջիկայում ֆոնդերը կշարունակեն առաջնորդվել երկարաժամկետ ներդրումային ռազմավարությամբ՝ շեշտը դնելով պորտֆելի դիվերսիֆիկացման, կապիտալի կայուն աճի և ռիսկերի խելամիտ կառավարման վրա։ Փոփոխվող տնտեսական և շուկայական պայմաններում դիվերսիֆիկացված պորտֆելային կառուցվածքը ամենաարդյունավետ միջոցն է երկարաժամկետում մասնակիցների կենսաթոշակային կուտակումների գնողունակությունը պահպանելու և դրանց երկարաժամկետ աճին նպաստելու համար։

Վերջին Թարմացում: 03-Նոյեմբեր-2026 18:48