02/04/2026

Բարձր արդյունքներ Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող բոլոր կենսաթոշակային ֆոնդերում․ 2025թվականի տարեկան արդյունքներ

Հրապարակված է՝ 2026թ․ ապրիլ

2025 թվականին Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող բոլոր կենսաթոշակային ֆոնդերն արձանագրել են բարձր եկամտաբերության ցուցանիշներ՝ բարենպաստ շուկայական միջավայրի պայմաններում։ Ընկերությունը հաղթող է ճանաչվել «Ներդրումներ» անվանակարգում՝ World Pension Summit 2025-ի շրջանակում։

2025 թվականին բոլոր երեք ֆոնդերը գրանցել են բարձր եկամտաբերություն․

• Կայուն եկամտային ֆոնդ (CQFIX)՝ +10.8%

• Պահպանողական ֆոնդ (CQCON)՝ +12.8%

• Հավասարակշռված ֆոնդ (CQBAL)՝ +13.8%

Այս արդյունքները վկայում են արդյունավետ ներդրումային ռազմավարության և բարենպաստ շուկայական միջավայրի մասին՝ դիվերսիֆիկացված ակտիվների կառավարմամբ։ Կենտրոնական Դեպոզիտարիայի կայքում հրապարակվող տեղեկատվության համաձայն՝ CQBAL ֆոնդի ստեղծման պահից տարեկանացված եկամտաբերության ցուցանիշը ամենաբարձրն է Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում։

Ի՞նչն է պայմանավորել այս արդյունքները

 

2025 թվականին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաները նպաստավոր են եղել։ Հիմնական շարժիչ գործոններն էին՝

• ՀՀ պետական պարտատոմսերի միջին և երկարաժամկետ եկամտաբերությունների էական նվազումը, որն ապահովել է մոտ 6.1–6.5% եկամուտ,

• Միջազգային բաժնետոմսերի շուկաների բարձր աճը՝ պայմանավորված կայուն կորպորատիվ շահույթներով, արհեստական բանականության (AI) զարգացման հետ կապված բարձր սպասումներով և ավելի մեղմ դրամավարկային քաղաքականության կանխատեսումներով, ինչի արդյունքում ձևավորվել է 4.0–5.6% եկամուտ։

Մյուս ակտիվների դասերն ունեցել են համեմատաբար չեզոք, բայց կայուն ազդեցություն․ արտասահմայան պարտքային գործիքներն ու արտարժութային տատանումները զգալի դեր չեն խաղացել, մինչդեռ տեղական կորպորատիվ ներդրումները՝ ներառյալ բանկային հատվածը և իրական տնտեսությունը, ապահովել են դրական ազդեցություն։

Ակտիվ կառավարումը՝ որպես առավելություն

 

Ցե-Կվադրատ Ամպեգայի ներդրումային ռազմավարության առանցքում ակտիվ կառավարումն է՝ հիմնված ռազմավարական և տակտիկական ակտիվների բաշխման վրա։

2025 թվականին ֆոնդերի կառավարման շրջանակում՝

• նվազեցվել է կարճաժամկետ պետական պարտատոմսերի բաժինը՝ շեշտը դնելով միջին ժամկետների վրա,

• ավելացվել են ներդրումները տեղական բանկային հատվածում,

• կրճատվել է արտասահմանյան պարտքային գործիքների բաժինը,

• ավելացվել է միջազգային բաժնետոմսերի կշիռը,

• պահպանվել է արտարժութային կայուն դիրքը։

Նման ճկուն և հավասարակշռված մոտեցումը հնարավորություն է տալիս արագ արձագանքել շուկայի փոփոխություններին և առավել արդյունավետ օգտագործել ներդրումային հնարավորությունները՝ ապահովելով բարձր և կայուն արդյունքներ երկարաժամկետ հորիզոնում։

Ինչպե՞ս վերծանել այս տեղեկատվությունը և ինչպե՞ս հասկանալ՝ որ կենսաթոշակային ֆոնդն ընտրել Հայաստանում

 

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդ ընտրելիս անհրաժեշտ է հիմնվել ներդրումային ռազմավարության, երկարաժամկետ արդյունքների և դրանց կայունության վրա։ 2014 թվականից Ցե-Կավադրատ Ամպեգան կառավարում է տարբեր ռիսկայնությամբ երեք ֆոնդ․

• CQBAL (հավասարակշռված)՝ 8.6% տարեկանացված եկամտաբերություն - միջին ռիսկ

• CQCON (կոնսերվատիվ)՝ 8.4% տարեկանացված եկամտաբերություն - ցածրից միջին ռիսկ

• CQFIX (կայուն եկամտային)՝ 8.3% տարեկանացված եկամտաբերություն - ցածր ռիսկ

Հետևյալ պատկերում ներկայացված է հինգ տարվա կտրվածքով երեք ֆոնդերի ռիսկի և եկամտաբերության հարաբերակցությունը՝

Ավելի բարձր երկարաժամկետ եկամտաբերություն ակնկալող և կարճաժամկետ տատանումների նկատմամբ հանդուրժողական և ավելի երիտասարդ մասնակիցները սովորաբար նախընտրում են CQBAL-ը։ Կենսաթոշակային տարիքին մոտ գտնվող և ավելի ցածր ռիսկի ախորժակ ունեցող մասնակիցները հաճախ ընտրում են CQFIX-ը, իսկ CQCON-ը հանդիսանում է միջին ռիսկայնության տարբերակ։

Կարևոր է հասկանալ, որ տարեկան եկամտաբերության նույնիսկ փոքր 0․2-0․3% տարբերությունը երկարաժամկետում կարող է ունենալ զգալի ազդեցություն՝ բարդ տոկոսի կուտակման շնորհիվ։ Օրինակ՝ 40 տարվա ընթացքում ընդամենը 1% եկամտաբերության ցուցանիշի տարբերությունը կարող է հանգեցնել ավելի քան 32 միլիոն դրամ տարբերության կուտակված խնայողությունների մեջ, որը ավելացնում է ամսական կենսաթոշակը 265 հազար ՀՀ դրամով [1]ինչը զգալի տարբերություն է։

Տեղեկացված ընտրությունը կարող է ունենալ զգալի երկարաժամկետ ազդեցություն։ Խորհուրդ ենք տալիս օգտվել կենսաթոշակային հաշվիչից, որի միջոցով յուրաքանչյուր անձ կարող է մոտարկել իր ապագա կենսաթոշակը՝ հիմնվելով անձնական տվյալների և կանխատեսումների վրա։

Ներդրումային փիլիսոփայությունը

 

Ցե-Կվադրատ Ամպեգան կառավարում է կենսաթոշակային ակտիվները հետևյալ սկզբունքներով՝

• երկարաժամկետ արժեքի ստեղծում,

• խելամիտ և համակարգված ռիսկերի կառավարում,

• ակտիվների բազմաշերտ դիվերսիֆիկացիա,

• ակտիվների ռազմավարական բաշխում

• ֆիդուցիար պատասխանատվություն։

Որպես ավստրիական C-Quadrat Investment Group-ի մաս՝ ընկերությունը Հայաստան է բերում միջազգային փորձ, ինստիտուցիոնալ մշակույթ և ներդրումային բարձր չափանիշներ։

Այսօր Ցե-Կվադրատ Ամպեգա ընկերությանը իրենց կենսաթոշակային ակտիվների կառավարումը վստահում է ավելի քան 450,000 մասնակից, իսկ ընկերությունը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես կենսաթոշակային ներդրումների ոլորտի հուսալի ակտիվների կառավարիչ ընկերություն։


[1] Հաշվարկն իրականացվել է ազգային վիճակագրական ծառայության armstat.am կողմից հրապարակված 303 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձի հիման վրա 2025թ։

Ծանուցում․ Ֆոնդի ընտրությունը պետք է արտացոլի անհատի ռիսկի հանդուրժողականությունը և ֆինանսական վիճակը։ Ֆոնդը և ֆոնդի կառավարիչը չեն երաշխավորում ֆոնդի կողմից հրապարակված ֆոնդի նպատակների իրականացումը։ Ֆոնդը և ֆոնդի կառավարիչը չեն երաշխավորում կառավարվող ֆոնդերի ակտիվների կանխատեսված կամ ակնկալվող աճը, վճարման ենթակա շահաբաժինների, կուտակային կենսաթոշակների կանխատեսված գումարների չափերը։ Ֆոնդի եկամտաբերության նախկին ցուցանիշները չեն երաշխավորում, որ դրանք շարունակվելու են նաև ապագայում: Յուրաքանչյուր ներդրում պարունակում է ռիսկեր։ Ընկերությունը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

 

 

 

Վերջին Թարմացում: 14-Մայ․-2026 14:43