35 միլիոն դոլարի ներդրում Firebird արհեստական բանականության մեգանախագծում
Ցե-Կվադրատ Ամպեգայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերը ներդրում են իրականացնում Firebird AI ընկերությունում՝ ընդհանուր 35 միլիոն դոլարի չափով։ Firebird AI ընկերության կողմից տարածաշրջանում նախադեպը չունեցող արհեստական բանականության տվյալների կենտրոնի ստեղծումը կարևորագույն ենթակառուցվածքային նախագիծ է Հայաստանի և տարածաշրջանի համար։ Նախագիծը միավորում է Հայաստանի տնտեսական ներուժի ամրապնդումը և երկրում երկարաժամկետ արժեքի ստեղծումը։
Firebird-ի արհեստական բանականության գործարանը դառնալու է տարածաշրջանի ամենահզոր հաշվողական և ԱԲ տվյալների մշակման կենտրոնը։ Այն հետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին հնարավորություն կընձեռի մասշտաբային կերպով ներդնել նորագույն ԱԲ տեխնոլոգիաներ՝ Հայաստանը դիրքավորելով որպես գլոբալ տեխնոլոգիական լանդշաֆտի զարգացող ուժ և հաջորդ սերնդի նորարարությունների կարևոր հանգույց։
«Որպես կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ, ցանկանում եմ ընդգծել նախագծի կարևորությունը կուտակային կենսաթոշակային համակարգի, կենսաթոշակային ֆոնդերի, և կենսաթոշակային համակարգի հարյուր հազարավոր մասնակիցների համար։», - նշել է Ցե-Կվադրատ Ամպեգայի գլխավոր գործադիր տնօրեն Արման Վարդանյանը։ «Կենսաթոշակային ֆոնդերը երկարաժամկետ ինստիտուցիոնալ ներդրողներ են, որոնց վստահված է մասնակիցների ապագա կենսաթոշակի կառավարումը՝ նպատակ ունենալով ապահովել այդ խնայված միջոցների երկարաժամկետ, կայուն աճը։ Ենթակառուցվածքային ներդրումները, այդ թվում նաև թվային ենթակառուցվածքների ոլորտում, բնականորեն համահունչ են կենսաթոշակային համակարգի նպատակների իրագործման հետ։ Նման նախագծերն ապահովում են կայուն և կանխատեսելի դրամական հոսքեր, միաժամանակ բարելավելով ֆոնդերի ռիսկերի դիվերսիֆիկացիան։»
Այս ներդրումը ստեղծում է շղթայական կապ մասնակիցների, ֆոնդերի, և տնտեսության իրական հատվածի միջև․ փաստացի Ցե-Կվադրատ Ամպեգային իրենց կենսաթոշակային միջոցների կառավարումը վստահած ավելի քան 450.000 քաղաքացիները անուղղակի ներդնում են կատարում նախագծում։
Կենսաթոշակային ֆոնդերի մասնակցությունը նախագծում ևս մեկ շոշափելի և կարևորագույն երկարաժամկետ հանձնառություն է համակարգի մասնակիցների բարեկեցության և Հայաստանի ապագայի համար։